ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Երիտասարդները գլխապատառ շտապում են հանճարներ հռչակել և «միամտաբար» շրջանցել իրենցից առաջ եղածներին»

«Երիտասարդները գլխապատառ շտապում են հանճարներ հռչակել և «միամտաբար» շրջանցել իրենցից առաջ եղածներին»
20.12.2013 | 11:07

«Իրատես de facto»-ի հյուրն է արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ում հետ զրույցը հիմնականում անդրադարձ է նրա վերջին` «Ճյուղեր-տերևներ» գրքին, ինչպես և մերօրյա գրական անցուդարձին:

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱՐՁԱԿՈՎ ԵՎ ՊՈԵԶԻԱՅՈՎ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ Է ՀԱՍՆՈՒՄ»


-Տիկին Ալիս, ժամանակակից հայ արձակը ծնվում, մարմին է առնում Ձեր աչքի առաջ, Ձեր հոգածու ուշադրության ներքո: Ասածս հիմնավորեմ ամենաթարմ օրինակով. վերջերս «Զանգակ» գրատանը Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» անդրանիկ գրքի շնորհանդեսին Ձեր ելույթը և հենց ներկայությունը վկայում էին, որ Դուք հետաքրքրված եք ոչ միայն արդեն հայտնի, ճանաչված, ինքնահաստատված գրողներով, այլև գրականության մեջ իրենց առաջին քայլերն անողներով: Եվ ուրեմն, ինչպե՞ս կարժևորեք ժամանակակից հայ գրականության կենսառիթմերը:
- Լավ ասացիք` կենսառիթմերը։ Եթե կա հայ գրականություն, այն պետք է լինի շարժման մեջ, իսկ գրականությունը գեղարվեստական չի լինի, եթե զուրկ լինի ռիթմերից: Սա արձակի համար ավելի էական է, քան բանաստեղծության, քանի որ պոեզիան երևի մեղեդու, ռիթմի և բառի համամասնությամբ է ծնվում, իսկ արձակը պետք է մի քիչ մտորի, թե լույս աշխարհ գալուց հետո և քայլ անելուց առաջ մեկնարկային ո՞ր գծի վրա է դնելու ոտքը: Հետո կարող է փոխել թե՛ գիծը, թե՛ արագությունը, թե՛ ռիթմը, եթե արդեն հմուտ վազորդ է և մտադիր է անպայման հասնել հաղթական վերջնակետին: Մեր ժամանակակից հայ գրականությունը` արձակով և պոեզիայով, զարմանալի բարձունքների է հասնում, բայց այս փաստը դեռ կարգին արձանագրված չէ մեր գրականագիտության կողմից: Ինչ-որ հապաղում և վախվորածություն կա ավագ սերնդի կողմից և ավագ սերնդի հանդեպ: Մի բան, որ ծայրահեղ հակառակ պատկերն է ներկայացնում երիտասարդության շրջանում: Նրանք էլ գլխապատառ շտապում են հանճարներ հռչակել և «միամտաբար» շրջանցել իրենցից առաջ եղածներին: Եթե այսպես շարունակվի, մեր կողմից շատ սպասված հանճարն էլ կարող է գալ, անցնել և չնկատվել։ Այս բաց տարածքում որոշ բարձրամիտ ընթերցողներ և անգամ գրողներ, իրենց Արշակ Չոպանյան կամ Նիկոլ Աղբալյան կարծելով, «հիպոթեզներ» են առաջ քաշում, թե իրենց սեփական մատների վրա հաշված քանի իսկական գրող կա ժամանակակից հայ գրականության մեջ, ում գործերն են մնայուն արժեք ներկայացնում:
-Հայաստանի գրողների միությունն ունի նոր նախագահ: Թեկուզ և հասարակական հիմունքներով, այնուամենայնիվ, գրական կյանքի կազմակերպումը տնօրինում են նոր դեմքեր: Այս փոփոխությունը որևէ նշանակություն ունի՞ իր գրասեղանի առջև աշխատող, իր գրական երկնումները թղթին հանձնող գրողի համար:
-Գրական կյանքի կազմակերպումը հենց հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում` գրողների միության գործն է, բայց եթե նույնիսկ շատ խանգարեն, խոչընդոտեն, անգամ հալածեն, ոչ ոք չի կարող կասեցնել իսկական գրողին։ Ես իրավունք չունեմ գրիչս ձեռքս չառնելու և նրանից խռովելու միայն այն պատճառով, որ ինձ չսիրողները ամեն ինչ անում են, որ ինձ անտեսված զգամ:

«ՎԵՊԻՍ ՊԱՏԳԱՄԸ, ԵԹԵ ԿԱ ԱՅԴՊԻՍԻՆ, ԱՐԴԵՆ ԻՄԸ ՉԷ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐԻՑ Է ԳԱԼԻՍ»


-«Ճյուղեր-տերևներ» վեպը, որ մինչև տպագրությունը` 2009 թվականին, արդեն արժանացել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ-ի սահմանած «Հայը 21-րդ դարասկզբին» գրական ամենամյա մրցանակին, մերօրյա փաստագրության և պատմավեպի յուրատեսակ սինթեզ է` այդ անցումներում ապավինած միստիկայի կախարդական թռիչքներին: Դուք` որպես հեղինակ, Ձեր վեպը ձևավորող այս երեք բաղկացուցիչներից ո՞րն եք առավել կարևորում, ո՞ր շերտում է Ձեր գլխավոր ասելիքը, ընթերցողին ուղղված ամենակարևոր պատգամը:
-Այնքան եմ կռվել այս վեպիս հետ, այնքան եմ տարել-բերել, վազեցրել, հղկել, տաշել, սնել, սոված, արտաքսված թողել, վերագտել և ի վերջո կոփել բոլոր շերտերը, մինչև մնացել են, իմ կարծիքով, ամենակարևորները: Իսկ պատգամը, եթե կա այդպիսին, արդեն իմը չէ, այլ ավելի բարձր տեղերից է գալիս:


«ՖԵՆՈՄԵՆ Է, ԵՐԲ ՀԱՆԿԱՐԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԳՐՈՂՆԵՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԲՌՆՈՒՄ ԵՆ ՕԴՈՒՄ ՍԱՎԱՌՆՈՂ ԹԵՄԱՆԵՐԸ»


-Ես վերջին շրջանում շատ ժամանակակից գրողների մոտ եմ նկատում գրականության ժառանգորդական կապը մեր դասականների հետ: Ձեր վեպը ևս բացառություն չէ այս առումով: Մեր ժողովրդի համար բախտորոշ 1937 թվականին Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Երկիր հայրենի» դրաման` անդրադառնալով Գագիկ թագավորի գահակալության, Վեստ Սարգսի դավաճանության, Անիի անկման ժամանակաշրջանին: Նույն այդ ժամանակաշրջանի անդրադարձն ենք տեսնում նաև «Ճյուղեր-տերևներում»: Ինչպե՞ս կբացատրեք, ինչո՞ւ հատկապես ընտրեցիք հայոց պատմության այս շրջանը:
-Ֆենոմեն է, երբ հանկարծ ժամանակակից մի քանի գրողներ միանգամից բռնում են օդում սավառնող թեմաները։ Սրա մասին խոսել եմ երկու գիտաժողովներում և որպես ուսումնասիրության նյութ` այս երևույթի վրա փորձել եմ հրավիրել գրականագետների ուշադրությունը: Իհարկե, Դեմիրճյանը ժամանակակիցս չէ, բայց հենց պատմական այս շրջանին` անիական շրջանին գրողները չեն կարողանում անտարբեր նայել: Վեպս ավարտելուց հետո միայն կարդացի Վարդան Գրիգորյանի «Դար կորստյանը»` նույն ժամանակաշրջանի մասին: Իմ վեպում էլ կան հորինված, պատմական հենք չունեցող կերպարներ. հենց գլխավոր հերոսուհու` Շուշանի մասին` որպես Վեստ Սարգսի դստեր, ոչ մի խոսք չկա պատմության էջերում: Այդպես էլ Վարդան Գրիգորյանը հորինել է Գայլ Արշավիրի կերպարը, և որքան ճշգրիտ է տեղավորել իր հերոսին պատմության այս ողբերգական ժամանակահատվածում: Գուցեև իսկապես եղե՞լ է: Ի՞նչ իմանաս: Վեպը գրելու ընթացքում չափից դուրս շատ եղան զուգադիպություններ, երբ հորինվածքը հանկարծ գտնում էր իր բնօրինակին: Սա արվեստի անբացատրելի երևույթներից է երևի: Երբ արդեն որոշել էի, որ իմ հերոսուհու անունը Շուշան պետք է լինի, պատմագրության մեջ գտա, որ իմ հերոսուհու մայրական տատին` Մեծ իշխան Գրիգոր Համզեի տիկնոջը, Շուշան են կոչել: Այս թեման ինձնից անկախ նույն ժամանակ գեղարվեստական երկի է վերածել մեր հանրաճանաչ քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանը: Դեռ չեմ կարդացել նրա վեպը, որ լույս է տեսել «Ճյուղեր-տերևներից» հետո, ռուսերեն, և ինձ տրամադրում եմ անակնկալների: Իսկ թե ինչո՞ւ եմ ինքս անդրադարձել այս շրջանին, վեպի ընթերցումից հետո պարզից էլ պարզ կդառնա:

«ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԸ` ԳՈՒՑԵ, ԲԱՅՑ ԳՐՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»


-Ձեր վեպի գործողություններն առաջ մղող կերպարների մեջ, ըստ իս, առավել կարևորվում է բժիշկ-փիլիսոփա Պանտալեոն-Արտուրոյի անձը: Արդյո՞ք սա Ձեր ներքին համոզմունքի կամ գուցե ցանկության արտահայտությունն է այն իմաստով, որ բոլոր ժամանակներում, բոլոր հանգամանքներում մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը վճռվում են գիտության, հոգևոր արժեքների հոլովույթում:
-Բժիշկ Պանտալեոնը պատմական անձ է և, ըստ Րաֆֆու, իսկապես էլ թաղված է Գետաշենում` մի բլրի վրա: Պանտալեոնը պիտի որ շատ մեծ դեր ունեցած լիներ պալատական Անիում, բայց, իմ կարծիքով, փիլիսոփաները` գուցե, բայց գրողները միշտ չէ, որ կարողանում են ազդել քաղաքական իրադարձությունների վրա: Այս իմաստով, օրինակ, Րաֆֆու ստեղծագործությունը 19-րդ դարի ազատագրական պայքարի լուրջ ազդակներից մեկն է, իսկ Տոլստոյը, ում նման ոչ ոք չէր կարողացել ներկայացնել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Ռուսաստանը, չպատկերացրեց, թե ինչ է սպասում իր հայրենիքին իրենից հետո: Բայց ի՞նչ, եթե մեծ գրողն իր գործերով չկարողացավ փոխել դեպքերի ընթացքը, ուրեմն վե՞րջ, նրա արծարծած վեհ գաղափարներն արժեք չունե՞ն։ Իհարկե` ո՛չ, իհարկե, այդ գաղափարները հավերժ ճախրելու են բոլոր ժամանակներում, բոլոր երկինքներում, որի տակ դեռ կան մարդն ու մարդասիրությունը:

«ՏԵՍԻԼՔՆԵՐԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ, ԶՈՒՐ ՏԵՂԸ ՉԵՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ»


-Ժամանակակից իրականության պատումաշարում հայտնվում են մեր կողքին ապրող բազում հանրահայտ մարդիկ, բայց Դուք առանձնապես շեշտադրել եք Տիգրան Մանսուրյանի կերպարը: Նա՞ է մեր օրերի պատվիրակը հետագա դարերի հայոց պատմության կտրվածքում:
-Չեմ շեշտադրել: Մանսուրյանն ինքը շեշտադրված ու մատնադրոշմված է Աստծո կողմից և, մեր մյուս եզակիությունների հետ, իհարկե, պատվիրակ է հավերժության համար։
-Գրեթե օրվա, ժամի ճշգրտությամբ վերապատմում եք վերջին տասնամյակներում մեր գլխով անցածը, բայց շրջանցում եք 88-ի երկրաշարժի ժամն ու ամսաթիվը, որը, այնուամենայնիվ, իր չարագույժ ներկայությամբ հայտնվել է գրքի կազմին ու բազմաթիվ էջերում: Գուցե նաև պատճառն այն է, որ «Լենինական, Գյումրի, Կումայրի» վիպակում ամեն ինչ ասվա՞ծ է այս աննախադեպ աղետի մասին:
-Շատ կուզեի, որ ինձ հարցեր տայիք իմ այս վիպակի մասին` «Լենինական, Գյումրի, Կումայրի»: Այս գործում, իմ կարծիքով, կան ձեր ասած կենսառիթմերը: Այնտեղ շատ բան է ասվում, բայց, իհարկե, ոչ ամեն ինչ: Այնտեղ խտանում և միևնույն ժամանակ ազատ են արձակվում ժամանակն ու տարածությունը, երևակայության սահմանները: Շատ բաներ գրել եմ առանց իմանալու, որ դրանք կա՛մ եղելություններ են, կա՛մ էլ շատ շուտով եղելություն են դառնալու: «Ճյուղեր-տերևներում» ժամն ու ամսաթիվը չկան, բայց գրառումները վերսկսվում են դեկտեմբերի 7-ից հետո` օրեր անց, և պատճառն այն է, որ այդ օրերին Շուշանը չէր կարող գրիչ առնել ձեռքը, պետք է մի քիչ խելքի գար։ 1988-ի վերջին օրերին և 89-ի առաջին ամսվա ընթացքում ինքս հենց այդ վիճակում էի։
-Ես հենց այդպիսի պատասխան էի ակնկալում ստանալ Ձեզանից: ՈՒ գիտեմ, որ ոչ միայն այս հարցի, այլև շատ այլ հարցերի պատասխաններ մնում են չսպառված, քանի որ դա հնարավոր չէ անել մեկ հրապարակման շրջանակներում: ՈՒստի ցանկանում եմ մեր զրույցը հասցնել մի պայմանական ավարտ-հանգրվանի և խնդրում եմ պատասխանել «Ճյուղեր-տերևներին» վերաբերող ևս մեկ հարցի` որպես զրույցի ամփոփում: Վեպն ավարտվում է վերածնված Գետաշեն-Անիի տեսիլքով: Իրականության ու անիրականի այս խառնաշփոթում մի բան հստակ է` Ձեր հերոսները չեն դադարում հավատալուց ու ապավինելուց տեսիլքին: Ի՞նչ է ստացվում. մենք` հայերս, դատապարտվա՞ծ ենք տեսիլքներին ապավինելու ճակատագրին:
-Բայց չէ՞ որ տեսիլքները հենց այնպես, զուր տեղը չեն հայտնվում։ ՈՒրեմն դրան ոչ թե դատապարտվածություն, այլ շնորհ ասենք, Աստծո շնորհ և Աստվածային պատկեր։
-Մի քանի օրից Ամանոր է: Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Իմ մաղթանքն այս անհրապույր, շարքային օրերի մեջ ի՞նչ: Ավելի լավ է աղոթեմ: Գիտեմ, որ իմ երկրի, մեր ժողովրդի լավ կյանքի համար աղոթող մարդիկ շատ կան։ Եվ Աստված լսում է մեզ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ